ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Զոհրաբ Մնացականյանն Արցախում իրավիճակի առնչությամբ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Զոհրաբ Մնացականյանն Արցախում իրավիճակի առնչությամբ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
29.09.2020 | 20:56

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է «Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը», հայտնում է ԱԳՆ-ն: Նախարարը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների «դիտավորյալ թիրախավորման դեպքերի, սադրիչ գործողությունների վերաբերյալ»:


«Ագրեսիան եղել է նախապես ծրագրված, և ադրբեջանական կողմի հայտարարությունները ենթադրյալ հակահարձակման վերաբերյալ բացարձակ կեղծիք են: Ադրբեջանը երբեք չի քողարկել ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու իր ռազմավարական նպատակը՝ շարունակաբար պահպանելով լարվածությունը շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով», - նշել է նամակում Մնացականյանը: «ԱԳ նախարարը խորապես մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին և վերջինիս ագրեսիային ցուցաբերվող անվերապահ միակողմանի աջակցության առնչությամբ: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հրադադարի խախտմանն ուղղված սադրիչ գործողությունները ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում են, այլև հղի են տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճելու վտանգով», - ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:


ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Նամակը շրջանառվելու է որպես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի փաստաթուղթ՝ օրակարգի 34-րդ (Զինված հակամարտությունների կանխարգելում), 71-րդ (Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), 135-րդ (Պաշտպանելու պատասխանատվություն և ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելում) կետերի ներքո և որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ